Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչո՞ւ է սատանան սուրբ ներկայանում

Ինչո՞ւ է սատանան սուրբ ներկայանում
26.02.2019 | 09:59

Երեկ իրենց մեծարանքով համահայկական կուսակցություն հայտարարող «Սասնա ծռերի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է. «Համբերության բաժակը լցվել է և, եթե Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:


2018-ի Աժ արտահերթ ընտրություններում ՍԾ-ի ստացած 1 տոկոսից դատելով` «մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը», բարեբախտաբար, չնչին տոկոս է Հայաստանում: Բայց խնդիրը ժողովրդի հերթական հատվածավորումը` առավել ու նվազի բաժանումը չէ, խնդիրը Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության վտանգավորությունն է ու հայտարարությանը` իշխանության չհաջորդած պատասխանը` համենայն դեպս` երեկ ամբողջ օրը:


Համբերության բաժակը, իրոք, պիտի լցվի, բայց ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի պատկերացրած ժողովրդի, այլ` քիչ թե շատ մտածելու ունակությունը պահպանած մարդկանց: Քիչ էր, որ ՍԾ-ի «ապստամբություն» կոչվածը համարժեք գնահատական չստացավ, քիչ էր, որ համաներումով բանտից ազատ արձակվեցին, քիչ էր, որ կուսակցություն ստեղծեցին, հիմա էլ «ապստամբության իրավունքի» ճանաչումից են խոսում: Բարոյական կամ իրավական հարթության մեջ ի՞նչ իրավունքով է Ժիրայր Սեֆիլյանը պահանջում, որ բանտից ազատ արձակվեն իր խոսքով` «Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը»: Ի՞նչ հիմքերով է նրանց անվանում «հեղափոխության նախակարապետներ», որ իբր «իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ»: Թավշե հեղափոխությունը ապացուցեց, որ իրեն ոչ մի նախակարապետ էլ պետք չէր, այն էլ` մարդասպան: Ավելին` Սեֆիլյանը համարում է, որ սպանության մեջ մեղադրվողներին «շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում»: Հետաքրքիր է, եթե Բիլյանն ու Բարսեղյանը համաներումով ազատ արձակվեին` Սեֆիլյանը կպնդե՞ր, որ Հայաստանում դատարանը շարունակում է գործել «նույն ռեժիմի օրենքներով»: Եվ արդեն բնավ հետաքրքիր չէ, որ նա իրեն ազատություն տված համաներումը որակում է «ծուղակ հիշեցնող անհեթեթ ակտ»:


Նրա ֆեյսբուքյան գրառումը գալիս է հաստատելու դեռ 2016-ին հնչող տեսակետները, որ ՊՊԾ գնդի գրավումը արտաքին քաղաքական միջամտություն էր և հստակ ռուսական ձեռագիր ուներ: 2016-ի քառօրյա պատերազմից 4 ամիս հետո ՊՊԾ-ի գնդի գրավումով իշխանափոխության հարց չլուծվեց: Մնաց Սարի թաղի բնակչության 2 շաբաթ անլույս ու անգազ ապրելը, ամբողջ տարածքում ինտերնետի անջատումը և այն բոլոր տառապանքները, որ ՍԾ-ի պատճառով սարիթաղցիները կրեցին նաև իրենց կալանավորված հարազատների պատճառով: Ներքաղաքական կյանքում արագացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը ու Մոսկվան դեսանտ իջեցրեց Կարեն Կարապետյանին: Կար և Ղարաբաղի հարցը: 2016-ի մայիսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անմիջական մասնակցությամբ Վիեննայում ձեռք էին բերվել կարևոր պայմանավորվածություններ` շփման գծում վերսհսկողության միջոցների տեղակայման ու դիտորդների մասին: Հունիսին հաջորդեց ևս մեկ հանդիպում` Սանկտ-Պետերբուրգում, որտեղ արդեն չկար հրադադարի պահպանման մեխանիզմի տեղակայման հիշատակում: Պատահական չէ, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Երևանում ասուլիս տվեց Ֆրանսիայի դեսպանն ու իբրև ԵԱՀԿ համանախագահող երկիր` առաջարկեց Սարգսյան-Ալիր հանդիպում կազմակերպել Փարիզում` կրկնելով Վիեննայի օրակարգի առաջնահերթությունը: Հանդիպում, որ այդպես էլ չկայացավ: Չկայացավ, որովհետև ՊՊԾ գունդը գրավվեց: Հիշեցնեմ նաև, որ մինչ այդ ռուսներն ու ադրբեջանցիները համատեղ ու առանձին-առանձին «արտահոսքեր» էին թույլ տալիս, որ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը համաձայնել է հանձնել շրջանները: Եվ իբր` ՍԾ-ի «ապստամբությունը» կանխեց շրջանների հանձնումը: Իրականում Հայաստանից խլվեց քառօրյա պատերազմում շահած դիրքը ու Ադրբեջանին Վիեննայի օրակարգը պարտադրելու հնարավորությունը, որ ձեռնտու չէր ոչ միայն Բաքվին, այլև` Մոսկվային: Նույնը կրկնվում է հիմա, երբ փորձ է արվում բանակցություններում իրավիճակը հօգուտ հայկական կողմի շրջել, գտնվում է ինչ-որ մի Սեֆիլյան ու ինչ-որ մի իբր համահայկական կուսակցություն, որ ապստամբության կոչ է անում: Դեռ ինչքա՞ն պիտի Մոսկվան կառավարի Հայաստանում իրենց ընդդիմություն անվանող խմբակներին` ֆինանսավորելով ու նետելով քաղաքական ասպարեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համենայն դեպս` հիշեցնեմ, որ ՍԾ-ի մեկ այլ անդամ` Վարուժան Ավետիսյանը դեռ բանտում ասում էր, որ «ընդհանրապես զենքի էջը փակված է»: Ի՞նչ փոխվեց, որ ՍԾ-ն ապստամբությունից է խոսում: Գուցե պատճառն այն է, որ 31 հոգանոց զինված խմբից այսօր անազատության մեջ են միայն ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը: Մինչև ե՞րբ պիտի մարդկանց արդարության ու հայրենասիրության որոնումների վրա սեփական խաղերը բեմադրեն սրբի կեղծ լուսապսակ դրած ու նույնքան կեղծ ընդդիմադիրները` իրենց սատանայական ծրագրերով:

Դիտվել է՝ 2849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ